Սաուդյան Արաբիան ծրագրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրավիրել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին, որը Էր-Ռիադն անցկացնելու է մայիսի 19-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին և նշելով, որ այս քայլը պաշտոնապես կօգնի վերջ դնել Սիրիայի տարածաշրջանային մեկուսացմանը։
Սիրիայի վերադարձը ԱՊԼ, որի կազմում 22 անդամ կա, հիմնականում խորհրդանշական է, բայց այն արտացոլում է տարածաշրջանային մոտեցման փոփոխությունը սիրիական հակամարտությանը։ Հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին պատերազմում, որին ներգրավված էին բազմաթիվ օտարերկրյա պետություններ և որը պառակտեց երկիրը։
Աղբյուրներից մեկը հաղորդել է, որ արդեն տարուց ավելի շարունակվում է Սաուդյան Արաբիայի պահանջների ցուցակի քննարկումը, որոնք սիրիական կառավարությունը պետք է կատարի որպես կապերը վերականգնելու պայման, «ներառյալ սահմանների անվտանգության և թմրանյութի ապօրինի շրջանառության հարցերում սերտ համագործակցությունը»։
Եգիպտոսը, որը Լիգայի ամենածանրակշիռ պետությունն է, նույնպես վերսկսել է շփումները Ասադի հետ։ Երկու կողմերը պայմանավորվել են ամրապնդել կապերը Սիրիայի արտգործնախարարի Կահիրե կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։
Անվտանգության եգիպտական ծառայության աղբյուրը հաղորդել է Reuters-ին, որ այցի նպատակն է եղել Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ միջոցառումներ ձեռնարկել Սիրիային Արաբական պետությունների լիգա վերադարձնելու գործում։
Որոշ երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ն և Քաթարը, դեմ են եղել Ասադի հետ հարաբերությունների նորմալացմանը։





























