Ապրիլյան պատերազմի ժամանակ աշխարհաքաղաքական աղետ կանխվեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին՝ «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը:

«Ապրիլյան պատերազմից 7 տարի է անցել, բայց կարծես՝ երեկ լիներ: Առաջին զգացողությունն այն է, որ ցավի հետ մեծ հպարտություն կար. Ադամն ու զինակից ընկերները ամեն դեպքում հաղթանակած հերոսներ են: Նրանք աշխարհաքաղաքական աղետ կանխեցին: Ոչ մեկ այդքան փոքրաթիվ ջոկատով չէր կարող ավելին անել, ինչպես կռվեցին ու հաղթեցին նրանք»,- ասաց Ադամ Սահակյանի մայրը:

Ադամ Սահակյանը Ջրականի 112 մարտական դիրքի ավագն էր, նա դիմել էր իր հրամանատարական կազմին, որպեսզի իրեն թույլատրեն մարտական դիրք բարձրանալ.

«Ադամը Երեւանի կենտրոնից ծառայության անցավ անծայրածիր Ջաբրայիլում: Անկեղծ ասած՝ շատ սիրով էր ծառայում: Ադամը ընդհանրապես չէր խոսում զորքերի շարժի մասին, երբ հմուտ զինվորականները Ադամի կերպարը վերլուծում են, ասում են՝ նա շատ լուրջ զինվորական կարող էր լինել: Ադամը հայրենասիրության մասին չէր խոսում, եթե մարդն առաքինի էր, ազնիվ, բարի, կրթված, համարձակ. արդյո՞ք դա հայրենասիրություն չէ»:

Ադամի մայրն ասում է՝ Ապրիլյան պատերազմը շատ անսպասելի սկսվեց. հայ զինվորի դեմ մինչեւ ատամները զինված հատուկ ջոկատայիններն էին կռվում. «Մեծ խմբերով հարձակվում էին բարձունքի վրա, որը նրանց համար շատ մեծ նշանակություն ուներ: Ապրիլյանի ժամանակ իսկապես կանխվեց լայնամասշտաբ հարձակումը: Հիշում եմ, որ Ապրիլյանից հետո մեծ հպարտություն կար հայերի մոտ, մարդիկ կարողանում էին հանգիստ քնել»:
Անդրադառնալով խաղաղության գաղափարին՝ Գայանե Սահակյանն ասաց, որ այժմ մեզ օդի ու ջրի նման պետք է խաղաղությունը. «Որպեսզի մեր սերունդները էլ չտեսնեն պատերազմ եւ այսպիսի անդառնալի կորուստներ, բայց, ցավոք, չգիտենք՝ որտեղից եւ ինչպես սկսել: Խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, թողնենք դա զինվորականներին ու քաղաքական գործիչներին»:       

Հիշեցնենք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Արցախի նախագահը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:

Ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։