Ահաբեկչական գործողությունն ընդդեմ պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆայի իրականացվել է այն ցանցի միջոցով, որն ստեղծել է Իրանն Ադրբեջանում։ Այս մասին գրել է haqqin.az-ը՝ հղում կատարելով «կառավարական աղբյուրներին»։

«Այս նպատակով քաղաքական շիա ճամբարի ակտիվիստներից Ազեր Սարիջանովն Ադրբեջանում ստեղծել է «Սեւշապիկավորների» ջոկատ։ Կատարված հանցագործության բնույթը, մասնակիցները, օգտագործած մեթոդները, ինչպես նաեւ ադրբեջանական հատուկ ծառայությունների օպերատիվ տեղեկատվությունն ամրացնում են այն հիմնավորված կասկածները, որ այս ահաբեկչական գործողության հետեւում կանգնած են իրանական հատուկ ծառայությունները, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հիշեցնենք, որ զինված հարձակմանը Ֆազիլ Մուսթաֆայի դեմ նախորդել էր Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը։ Ադրբեջանի կառավարությունը եւ հասարակությունը Իրանի գործողությունները նույնացնում են հայկական հատուկ ծառայությունների եւ այդ երկրի ազգայնական շրջանակների գործունեության մեթոդների հետ, որոնք ընտրել են Ադրբեջանի հետ պայքարի ահաբեկչական մեթոդները։ Իրավապահ մարմինները ակտիվ աշխատանք են տանում «Սեւշապիկավորների» ցանցի բոլոր մասնակիցներին պարզելու համար։ Անօրինական կազմակերպությանը հարած Ադրբեջանի քաղաքացիները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել է պարբերականը։