2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ և հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաեւ նշել է. «Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում: Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման՝ պետք է նշեմ, որ մենք անդրադարձանք Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Ես ներկայացրի գործընկերոջս այն գոյաբանական մարտահրավերները, որոնք սպառնում են և Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Նա նաեւ նշել է. «Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է 2022թ. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով ու էթնիկ զտումների համակարգված քաղաքականությամբ:
Միջազգային կառույցների թիրախային կոչերի և պահաջների շարքում հարկ է ընդգծել Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը: Դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Պետք է նշեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։ Չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից։ Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում «ներքին տեղահանված անձինք և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։
Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև տեղում համակարգված ագրեսիվ գործողություններ իրականացնել և օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քմ:
Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն, որը հնարավոր է իրականացնել՝ օգտագործելով համապատասխան գործիքներն ու մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։
Հարգելի գործընկերներ,
Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին՝ ատելության խոսքից, նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման։ Հայաստանն ունի ամուր քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և չնայած բոլոր դժվարություններին մենք բարեխղճորեն շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ»:





























