Հայկական ավանդական ճաշատեսակները հաշվի են առնում երկրի բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները: Այդ մասին սեպտեմբերի 23-ի ասուլիսում հայտարարել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով, հայկական ավանդական խոհանոցի ճաշատեսակները պահանջում են խոհարարական մեծ վարպետություն, քանի որ դրանք շատ դժվար է պատրաստել: Ընդ որում, ներկայումս լայնորեն տարածված են պարզ ճաշատեսակներ, որոնք հեշտ է պատրաստել, սակայն դրանցում հաշվի չի առնվում օրգանիզմի համար դրանց օգտակարությունը:

«Դեռ հին ժամանակներում մեր նախնիները սահմանել են պատրաստման այն նորմերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի բնակլիմայական պայմաններում օրգանիզմի նորմալ գործունեության համար»,-նշել է նա:

Մամուլյանը խորհուրդ է տվել բոլոր գուրմաններին տնային պայմաններում եւ ռեստորաններում օգտագործել ազգային խոհանոցի ճաշատեսակներ, առանց ավելորդ հավելումների: