Ապրիլի 3-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի եւ Ինդիրա Կեմպիս Մարտինեսի գլախավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի։ Այս մասին NEWS.am-ին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հայոց Հովվապետն ի դեմս սենատորների իր երախտագիտությունը հայտնեց Մեքսիակայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի  ընդունման համար։ Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը բերեց սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին եւ Ինդիրա Կեմպիս Մարտինեսին Սենատում եւ միջազգային ատյաններում արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։

Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչը նաեւ մեծ գնահատանք է հայորդիների ծառայությանը՝ ի նպաստ Մեքսիկայի առաջընթացի։

Հանդիպմանը, սենատորները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաստատեցին, որ Նորին Սրբության օրհնությունն առավել պարտավորեցնող է էլ ավելի նախանձախնդրորեն պայքարելու հանուն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերին։