ԼՂՀ-ում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքերով 227 համայնքներից 209-ում անցկացվել են ընտրություններ, որոնցից 148-ում՝ համայնքապետերի, իսկ 206-ում՝ ավագանու անդամների ընտրություններ: 18 համայնքներում ընտրություններ չեն անցկացվել այն  պատճառով, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները չեն ավարտվել։

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռաշիդ Պետրոսյանի խոսքով, 209 համայնքներում ինքնառաջադրվել են 213 թեկնածուներ՝ որպես համայնքապետեր եւ 1215 թեկնածուներ՝ որպես ավագանու անդամներ։

6 համայնքներում՝ Ասկերանում, Հադրութի, Մարտունիի, Քաշաթաղի շրջաններում, ընտրությունները համարվել են չկայացած եւ այնտեղ նոր ընտրություններ կանցկացվեն։ Գրանցված 93243 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 54697 մարդ կամ 58,66 տոկոսը։

Ընտրությունների արդյունքերով, ԼՂՀ-ում ընտրվել են 142 համայնքապետեր եւ ավագանու 1071 անդամներ։ Ընտրությունների ընթացքին հետեւել են 7 միջազգային եւ 11 տեղական դիտորդներ, ընտրությունները լուսաբանել է 31 լրագրող։

Ստեփանակերտի նոր քաղաքապետ է ընտրվել մինչ այժմ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Գրիգորյանը՝ հավաքելով 9581 ձայն։ 2004-2007 թվականներին քաղաքապետ եղած Էդուարդ Աղաբեկյանին ձայն տվել է 3731 հոգի, իսկ ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Մարատ Ասատրյանին՝ 2001 մարդ։ 25 համայնքապետեր «Արցախի ժողովրդավարական կուսակցությունից» են, 2-ը՝ «Ազատ հայրենիքից», 14-ը՝ ՀՅԴ-ից, 101-ը՝ անկուսակցական։