Ալավերդիի պղնձաձուլական գործարանում տրվել է նոր նախածխանցքի եւ ծխնելույզի փորձնական շահագործման մեկնարկը: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից բնապահպանական միջոցառման իրականացման արդյունքում Ալավերդիի պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 780 մ բացարձակ բարձրությունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձրության վրա, որտեղ տեղադրվել է 20 մ բարձրությամբ եւ 3 մ տրամագծով ծխնելույզ:

Գազերի տեղափոխումը դեպի նոր ծխնելույզ տեղի կունենա նոր կառուցված 918 մ երկարությամբ նախածխանցքով: Նախկին` 100 մ բարձրությամբ ծխնելույզի համեմատությամբ` արտանետումները տեղի են ունենալու ծովի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից: Գործարանի արտանետումների զգալի մասը՝ փորձնական շահագործման շրջանակներում արդեն իսկ իրականացվում է նոր ծխնելույզով: 

Ծխնելույզի տեղափոխության հիմնական նպատակը Ալավերդի քաղաքի եւ հարակից բնակավայրերի վրա Ալավերդիի պղնձաձուլական գործարանի արտանետումների ազդեցության նվազեցումն է:

Ըստ հաշվարկների՝ միջոցառման արդյունքում արտանետվող գազերի ցրման արդյունավետությունն էապես բարձրանալու է, ինչը կհանգեցնի ծխնելույզից արտանետվող գազերի` Ալավերդի քաղաքի վրա ազդեցության նվազման ավելի քան 10 անգամով:

Ծխնելույզի տեղափոխության տարբերակն ընտրվել է խնդրի արմատական լուծում ենթադրող իրատեսական այլընտրանքների բացակայության պայմաններում:

Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների միջոցներով, «Վալլեքս» խմբի բնապահպանական քաղաքականության շրջանակներում: Ծրագրի արժեքը գերազանցել է 1 միլիոն ԱՄՆ դոլարը: