Եկել է ժամանակը, լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը 21-րդ հարյուրամյակի պայմաններումեւ այսօր աշխարհն ականատես է այդ անքակտելի իրավունքի իրացման նոր օրինակների: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Ցանկանում եմ շնորհավորել ՄԱԿ-ի նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի հանրապետությանը: Նրա ճանապարհը մինչեւ այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժվարին, սակայն Հարավային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտահայտությամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել են այս դահլիճում ներկա` ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ-պետություններ:

Միեւնույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ կատարել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին եւ արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին, այդ երկրների ղեկավարներին իրենց միջնորդական ջանքերի համար: Սակայն միջնորդները չեն կարող բանակցող կողմերի փոխարեն համաձայնություն կայացնել:

Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում: Չնայած բոլոր սպասելիքներին, միջազգային հանրության բարձր մակարդակի հորդորներին, վերջին՝ կազանյան հանդիպմանը Ադրբեջանը կատարեց հերթական հետքայլը՝ մերժելով նախորդ փուլերում ձեռք բերված համաձայնությունները եւ փորձելով փաստացիորեն ձախողել բանակցային գործընթացը:

Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաեւ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաեւ խաղաղ գոյակցության ապագան:

Մերժելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` Բաքուն համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով եւ ամենուր, այդ թվում եւ այստեղ՝ ՄԱԿ­ի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ հայերի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար համաշխարհային եւ սեփական հանրությանը շարունակում է ներարկել, այսպես կոչված, «հայերի վայրագությունների», մասնավորապես՝ անչափահաս երեխաների սպանության մասին սահմռկեցուցիչ ստերով: Նման պատմությունները հորինվում եւ տարածվում են շատ պարզունակ եւ, միեւնույն ժամանակ, ցավալի տրամաբանությամբ. այդ տրամաբանությունը հետեւյալն է` հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կուլ կտան Հայաստանի նկատմամբ այս սեւ «փիառ»-ի խայծը, եւ դա արդեն իսկ օգտակար է:

Վերջին տարիներին Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերով եւ մասնավորապես ՌԴ նախագահի անմիջական միջնորդությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Մայնդորֆի, Աստրախանի, Սոչիի հռչակագրերը, որտեղ հստակ ձեւակերպվել է կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը: Նշված փաստաթղթերում առկա է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները:

Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով:

Հայատյացության դրսեւորումների վտանգավոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորմանը, այլ հարց է առաջացնում` միթե այսպես է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսեւորել հանդուրժողականություն, ապրել խաղաղության մեջ միմյանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթույլատրելի, այլ նույնիսկ վտանգավոր է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամությանը»: