Իրանի պաշտպանության նախարարի միջազգային հարցերով տեղակալ գեներալ Համզե Կալանդարին հաստատել է արաբական երկրին ՀՕՊ ոլորտում օգնություն ցուցաբերելու Թեհրանի հանձնառությունը, հաղորդում է Tasnim-ը:
Կալանդարին լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախկինում Սիրիան «իսկապես անպաշտպան» երկիր էր իսրայելական օդային հարձակումների առջեւ։
Սակայն ներկայումս սիրիական բանակը հակահարված է տալիս մեծ քանակությամբ օդային հարվածների, հավելել է նա:
«Մենք մեզ պարտավորված ենք համարում՝ օգնելու բարեկամ երկրներին, ինչպիսին Սիրիան է, ամրապնդելու հակաօդային պաշտպանությունը եւ դիմակայելու օդային թիրախներին»,-ասել է գեներալը։
Ընդգծելով 2020 թվականին ՄԱԿ-ի կողմից զենքի մատակարարման էմբարգոյի վերացումից հետո իրանական ռազմական եւ պաշտպանական արտադրանք գնելու աճող հետաքրքրությունը՝ փոխնախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետության «մարդասիրական մտահոգությունները» զարկ են տվել զենքի արտահանմանը:
Մատնանշելով այլ երկրներ պաշտպանական տեխնոլոգիաներ արտահանելու Իրանի ծրագրերը՝ գեներալ Կալանդարին հավելել է. «Մենք մեր հարեւաններից եւ բարեկամ պետություններից շատերին օգնել ենք ոչ միայն սարքավորումների եւ սպառազինությունների, այլեւ պաշտպանական զենքի արտադրության տեխնոլոգիաների ոլորտում»։
Նա նաեւ նշել է Իրանի պաշտպանության նախարարության հաջող ներկայությունը միջազգային ցուցահանդեսներին եւ այն մեծ ոգեւորությունը, որ արտասահմանյան գնորդները ցուցաբերում են իրանական պաշտպանական արտադրանքի նկատմամբ:
2020 թվականի հուլիսին Իրանն ու Սիրիան համապարփակ համաձայնագիր են ստորագրել ռազմական եւ պաշտպանական ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Իրանը Սիրիային խորհրդատվական ռազմական օգնություն է սկսել տրամադրել 2011 թվականից։





























