Թուրքիայի հանրապետությունը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած ոճրագործության` ցեղասպանության ժխտման քաղաքականություն: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր ելույթում անդրադառնալով, անհանդուրժողականության, ռասիզմի, ռասայական խտրականության եւ այլատյացության, այդ թվում նաեւ ցեղասպանության խնդիրներին, Սերժ Սարգսյանն ասել է.

«Այս վեհաժողովի շրջանակներում, երեկ տեղի ունեցավ Դուրբանի հռչակագրի 10-ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը, որը մեկ անգամ եւս ամրագրեց անհանդուրժողականության, ռասիզմի, ռասայական խտրականության եւ այլատյացության բոլոր դրսեւորումների վերացման անհապաղ անհրաժեշտությունը:

Ցավոք, մեզ՝ հայերիս համար այդ երեւույթները սոսկ իմ կողմից քիչ առաջ հիշատակած դրսեւորումներով չէ եւ սոսկ այսօր չէ, որ ծանոթ են: Որպես ռասիզմի եւ այլատյացության ծայրահեղ դրսեւորումը՝ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք բարոյական պարտք ունենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Ռասիզմի եւ այլատյացության վերացումն ու հանդուրժողականության արմատավորումը կարող է դառնալ իրապես գործուն մեխանիզմ, եթե ուղեկցվի պատասխանատվության հստակ սահմանումով: Անպատժելիությունը, պատասխանատվությունից խուսափումը ծնում են նորանոր հանցանքներ, ուստի մեր՝ միջազգային հանրության պարտքն է ժամանակին նկատել եւ դատապարտել անհանդուրժողականության ցանկացած, առավել եւս ծայրահեղ դրսեւորում:

Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդարանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագործության ժխտման քաղաքականություն:

Մենք միանշանակորեն ողջունում ենք միջազգային հանրության մեջ արմատավորված հստակ կեցվածքը, որը բացառում է ցեղասպանության եւ մարդկության դեմ իրականացրած այլ հանցագործություններ կատարողների նկատմամբ որեւէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորությունը:

Առանց ճանաչման եւ դատապարտման հնարավոր չէ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով:

Հայոց ցեղասպանության մասին խոսելիս չեմ կարող չհիշատակել այս տարի նշվող մեկ կարեւոր հոբելյան՝ փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը: Մեծ հումանիստը մեր ժողովրդի դժվարագույն տարիներին անգնահատելի օգնություն է ցուցաբերել՝ նպաստելով ցեղասպանությունից փրկված, հայրենազրկված հայության բեկորների վերապրելուն: Նանսենյան անձնագիր կրողները հաստատվեցին աշխարհի բազում երկրներում, ոտքի կանգնեցին՝ սեփական նպաստը բերելով իրենց ապաստանած երկրների ու ժողովուրդների զարգացմանը:

Կարծում եմ` բարոյականության իրենց պատկերացումը «ռեալպոլիտիկի» դաժան աշխարհում առաջ մղող նման հզոր անձնավորությունների շնորհիվ է, որ միջազգային հարաբերություններում արդարությունը եւ պետությունների իրավահավասարությունը դարձել են կատեգորիաներ»: