ՄԱԿ-ի կառույցի աբսուրդն այն է, որ մեծամասնությունը որոշում է ամեն ինչ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն` հանդես գալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
«ՄԱԿ-ում պարզ մեծամասնությունը որոշում է ամեն ինչ, այն կարող է որոշել, օրինակ, որ արեւը ծագում է արեւմուտքից: Պետք չի հեռու գնալ օրինակներ բերելով, այսօր լիբանանյան «Հըզբոլլահ»-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է, միթե դա աբսուրդ չէ»,- ասել է Նեթանյահուն:
«Ես ծափահարությունների համար չեմ եկել, ես եկել եմ ասելու ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ Իսրայելը խաղաղություն է ուզում եւ որ հնարավր է խաղաղության հասնել ՄԱԿ-ի բանաձեւերով` բայց միայն ուղիղ բանակցություններով: Սակայն, Պաղեստինը հրաժարվում է բանակցություններից: Պաղեստինցիները ցանկանում են պետություն ունենալ առանց խաղաղության եւ ճշմարտությունն այն է, որ դուք չպետք է թույլ տաք, որ դա տեղի ունենա»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է սկզբում խաղաղության համաձայնագիր ստորագրել Պաղեստինի հետ, հասնել խաղաղության, որից հետո գնալ Պաղեստինի պետության ճանաչման: Նեթանյահուն Պաղեստինի ինքնավարության նախագահին կոչ է արել հենց այսօր` ՄԱԿ-ի նիստում հանդիպում անցկացնել եւ քննարկել խաղաղության համաձայնագիրը: «Ի՞նչը կամ ո՞վ կարող է մեզ կանգնեցնել»,- ասել է նա:
Նեթանյահուն նաեւ խոսել է «ռազմական իսլամիզմի» մասին, որն «սպանում է հրեաներին, քրիստոնյաներին եւ որը 2001-ի սեպտեմբերի 11-ին սպանեց հազարավոր ամերիկացիների»:
«Իրանի նախագահը երեկ հենց այս ամբիոնից հայտարարեց, որ սեպտեմբերի 11-ը ԱՄՆ-ի դավադրությունն էր: Այդ հայտարարությունից հետո ձեզանից մի քանիսը լքեցին դահլիճը, այնինչ պետք է լքեին բոլորը: Իսկ հիմա պատկերացրեք Իրանի նախագահին միջուկային զենքը ձեռքին: Արաբական գարունն այդ դեպքում կվերածվի իրանական ձմռան»,- ասել է Իսրայելի վարչապետը:




























