«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով:

Իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ:

Նշեմ, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքով փոփոխվել է խուլիգանության դիսպոզիցիան և այժմ դրա մաս է կազմում անձին ստորացնելու միջոցով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերումունք ցուցաբերելը:

Մեր գնահատմամբ, անվտանգության աշխատակիցների միջոցով անձին անշարժացնելն ու, ապա, նրա դեմքին թքելը, ոչ այլ ինչ է, քան բարոյական նորմերի բացահայտ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերում, որն արտահայտվել է անձին ստորացնելու միջոցով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս փողոցում քաղաքացիներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվանել էր դավաճան, որից հետո, ըստ տեղեկությունների, վերջինս իր թիկնապահներին հրահանգել էր բռնել նրան եւ ինքը թքել էր քաղաքացու վրա:

Այս միջադեպի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողով: