Շրջափակման ընթացքում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախ է ներմուծվել 4000 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք, ինչը 200 անգամ պակաս է, քան կարող էր լինել բաց ճանապարհի պայմաններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Այս ընթացքում Արցախի որեւէ բնակչի որեւէ քաղաքացիական մեքենա Լաչինի միջանցքով չի անցել։ «Այսօր Արցախում խիստ սահմանափակված են ապրանքների մատակարարումները, ինչը հանգեցրել է խանութներում դեֆիցիտի։ Կա նաեւ դեղորայքի պակաս»,-նշեց Ստեփանյանը։ Օմբուդսմենը նաեւ հայտնեց, որ շուրջ 1000 մարդ զրկված է պլանային վիրահատության հնարավորությունից, եւ եթե իրավիճակը չփոխվի, նրանց վիճակը կարող է կտրուկ վատանալ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպանական նկատառումներով, փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջ քաշելով քաղաքական պահանջներ եւ ավելի քան երկու ամիս է՝ շրջափակման մեջ են պահում 120 հազար մարդու՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, այդ թվում՝ երեխաների եւ հիվանդների համար։ Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը ժամանակի ընթացքում միայն ուժեղանում է։