UARS արբանյակն ընկել է երկրի վրա: ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածությունների հետազոտության ազգային վարչությունը (NASA) ստացել է  այդ փաստի հաստատումը:

Արբանյակի ընկելու ճշգրիտ վայրը հայտնի չէ, սակայն հետագծի գիշերային ճշգրտումներից հետո NASA-ն հաղորդել է, որ «եթե արբանյակն իսկապես ցամաքի վրա է ընկել (ինչը խիստ կասկածելի է) , ապա ամենահավանականը Կանադայի տարածքն է: Եւ զգուշացրել է, որ  բեկորները «պատկանում են ԱՄՆ-ին». եթե գտնեք բեկորները, «վերադարձրեք մեզ»:

NASA-ն Twitter-ի միջոցով  հետաքրքրվում է երկրաբնակների առողջությամբ. «Ձեզ մոտ այդտեղ ամեն ինչ կարգի՞ ն է»: Տիեզերական UARS (Upper atmosphere research satellite) սարքը մոտ 11 մետր է, կշիռը կազմում է 6,5 տոննա:

Արբանյակը ուղեծիր է դուրս բերվել 1991թ. սեպտեմբերին Discovery շաթլի կողմից: Սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ այն տիեզերքում կգործի երեք տարի, սակայն շահագործումից դուրս բերվեց միայն 2005 թ-ին:

Թունավոր վառելիք այն չի պարունակում: NASA-ի համակարգչային մոդելավորման համաձայն`  անկման արդյունքում երկրի վրա կարող են ընկնել արբանյակի մոտ 26 չայրված բաղադրիչներ` ընդհանուր 532 կգ զանգվածով: 

Փորձագետների հաշվարկներով`  արբանյակը մթնոլորտի խիտ շերտեր կարող էր թափանցել շաբաթ` առավոտյան  ժամը 7:30-ին  եւ երկիր հասնել ժամը 10-ին (Երեւանի ժամանակով):  Թեեւ NASA –ն  քիչ հավանական է համարում, որ բեկորները կարող են ընկնել բնակելի տարածքների վրա, բայց կոչ է անում մարդկանց չդիպչել դրանց: Այդ մասին պետք է անմիջապես տեղեկացնել տեղական իշխանություններին, հաղորդում է NEWSru.com-ը: