Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը Վրաստան կատարած այցի ժամանակ բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Խաչիկյանը այցով ժամանել է Վրաստան, որպեսզի ուշադրություն դարձնի այդ երկրում հայ համայնքի առջեւ կանգնած մարտահրավերներին, հայտնում է Asbarez-ը։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը եւ Հայ Դատի Վաշինգթոնի գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը քննարկումներ են անցկացրել սոցիալ-տնտեսական ոլորտում հայ համայնքի խնդիրների շուրջ, անդրադարձ կատարել Վրաստանում հայկական մշակույթի եւ հայոց լեզվի պահպանման հարցին։
Նրանք հանդիպումներ են ունեցել վրացի պաշտոնյաների՝ ներառյալ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուրուայի, ինչպես նաեւ կրթության, արդարադատության, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, ազգային անվտանգության ներկայացուցիչների հետ։
Հայ Դատի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաեւ հայկական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Թբիլիսիի եւ Ջավախքի հայկական եկեղեցիների ներկայացուցիչների հետ։
«Մոտ ամիսներին մենք անհամբերությամբ սպասում ենք վարչակազմի եւ Կոնգրեսի անդամների հետ համատեղ աշխատանքին, որպեսզի ուսումնասիրենք տարածաշրջանում մեր հայրենակիցների հետ համգործակցության ընդլայնման հնարավորությունները»,- ասել է Խաչիկյանը։




























