Հայաստանի բջջային օպերատորները ժխտում են իրենց բաժանորդների անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ տեղեկությունները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արմենթել» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլույանը եւ « Orange Armenia» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Լիլիթ Մկրտչյանը նշել են, որ տվյալների արտահոսքի մասին տեղեկությունները իրենց հայտնի են դարձել մամուլի հրապարակումներից:
«Beeline-ի բաժանորդների անձնական տվյալները ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ եւ դրանք ինտերնետին միացված չեն, որտեղից կարող են վերցնել: Արտահոսքի հավանականությունը մեր երկրում բացառված է»,- հայտարարել է Ա. Բեղլոյանը:
Լիլիթ Մկրտչյանի խոսքով, ընկերությունների պաշտպանվածությունը նույնիսկ բացառում է տվյալների արտահոսքը: Ոստիկանությունը դեռեւս այնպիսի տեղեկություններ չի տրամադրել օպերատորներին, որոնք կհաստատեն արտահոսքի փաստը:
«Վիվասել-ՄՏՍ» ընկերության արտահոսքի մասին տեղեկությունների առնչությամբ հայտարարություն է տարածել: «Մեր տեղեկատվական բազաները անհրաժեշտ կերպով պաշտպանված են հնարավոր հակերային հարձակումներից: Իրավապահ մարմինները հետաքննության շրջանակներում կպարզեն, թե ինչ տվյալներ են դարձել հասանելի եւ ինչ ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվել էին տեղեկություններ անձնական տվյալների բազայի արտահոսքի մասին` վկայակոչելով Հայաստանի ոստիկանության Կիբեռհանցագործության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանին:




























