Ստրասբուրգում հոկտեմբերի 3-ից 9-ը կայանալիք  ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, ի թիվս այլ զեկույցների, քննարկվելու է որոշ երկրներում ապագա երեխայի սեռի որոշելու վերաբերյալ ԵԽ մտահոգությունների արդյունքում ձեւավորված նախագիծը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ զեկույցի համահեղինակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հարցով, այսպես կոչված ենթահանձնաժողովի,  նախագահ Խորդի Քսուկլա ի Կոստան է:  

Ինչ վերաբերում է վերջին շրջանում մեծ աղմուկ հանած այդ զեկույցին, ապա Զոհրաբյանի, այն վերաբերում է սելեկտիվ աբորտների թեմային, եւ այդ իմաստով մտահոգություն առաջացնող ու ռիսկային երկրների թվում է նաև Հայաստանը` Ալբանիայի, Ադրբեջանի եւ այլ երկրների կողքին: «Իհարկե, պետք է լինենք անկեղծ, եւ ասենք, որ նման խնդիր կա: Սակայն պետք է հաշվի առնենք, որ առաջին եւ երկրորդ ծնունդների դեպքում սելեկտիվ աբորտների տոկոսը չնչին է: Սակայն խնդիրը կա երրորդ եւ չորրորդ ծնունդների դեպքում, երբ որ մեր մենթալիտետին բնորոշ, չորրորդ աղջիկ երեխան ունենալուց հետո աշխատում են իմանալ ապագա երեխայի սեռը եւ դիմում սելեկցիոն աբորտի»,- նշեց Զոհրաբյանը:Նրա խոսքով` որոշ երկրներում խնդիրը փորձում են կարգավորել օրենսդրությամբ` արգելելով բժիշկներին մինչեւ պտղի 22 շաբաթական դառնալը հայտնել երեխայի սեռը:

«Եթե փորձենք դա ամրագրել օրենքով, ապա, ես ինքս վստահ չեմ,որ դա կաշխատի, որովհետեւ դա կոռուպցիոն հսկայական ռիսկերի առաջացման պատճառ կդառնա: Ծնողները, միեւնույն է, բժիշկին գումար  են տալու եւ իմանալու են սեռը: Խնդիրը կա, բայց այնպիսի ծավալների չի հասնում, որ Հայաստանը ներառվեր ռիսկային երկրների շարքում»,- նշեց նա:

Զոհրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ այդ զեկույցի առնչությամբ ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատվիրակ Արմեն Մելիքյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, համապատասխան զեկույց է պատրաստել: