Մեր հիմնական խնդիրը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելն է, ավելի շատ նախագծեր իրականացնելը, «եւ մենք հավատում ենք, որ նման ջերմ բարեկամությամբ եւ եղբայրությամբ մենք կիրականացնենք բազմաթիվ նախագծեր», - ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի ասուլիսում, հայտնում է Վրաստան Online-ը։

«Ադրբեջանը ոչ միայն մեր բարեկամն ու հարեւանն է, այլեւ շատ ուժեղ ռազմավարական գործընկերը, երկար տարիների առեւտրային գործընկերը։ Ձեզ հետ միասին մենք իրականացրել ենք պատմական նշանակության շատ կարեւոր նախագծեր, որոնք էլ ավելի են կապել մեր ժողովուրդներին...

Մենք բազմիցս նշել ենք պատմական նշանակություն ունեցող նախագծերի մասին, որոնք արդեն իրականացվել են եւ արդեն հաջողությամբ աշխատում են։ Ինչպես գիտեք, Վրաստանը շատ վստահելի տարանցիկ գործընկեր երկիր է։ Եվ ինչպես պարոն նախագահը նշեց, մենք աշխատում ենք այս կարեւոր նախագծերի իրականացման ուղղությամբ եւ  կանգ չենք առնում։ Մենք աշխատում ենք նոր նախաձեռնությունների ուղղությամբ, ինչպիսին է Սեւծովյան էլեկտրական մալուխը, որպեսզի զարգացնենք այսպես կոչված կանաչ միջանցքը։ Վրաստանն ու Ադրբեջանը մեծ ներուժ ունեն Եվրոպային կանաչ վերականգնվող էներգիա մատակարարելու համար, ինչը շատ կարեւոր է։ Սա խոստումնալից է, սա է ապագան, եւ, իհարկե, երկու երկրներն էլ պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն այս ուղղությամբ։

Ուզում եմ ասել նաեւ այսպես կոչված միջին միջանցքի զարգացման մասին։ Մենք միասին աշխատում ենք այս ուղղությամբ։ Մեր ցանկությունն է մոտ ապագայում վերացնել բոլոր խոչընդոտները։ Մենք պետք է համատեղ զարգացնենք ենթակառուցվածքները՝ նավահանգիստները, երկաթուղիներ։ Դուք գիտեք, որ այս տարի մենք պատրաստվում ենք կառուցել Անակլիա նավահանգիստը։ Մոտ մեկ տարուց կավարտենք նաեւ երկաթուղու ընդլայնման ծրագիրը։ Ակտիվ աշխատանք է տարվում նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ուղղությամբ։ Այս ամենն, իհարկե, կնպաստի նաեւ մեր տարածաշրջանի ուղղությամբ բեռնաշրջանառության ավելացմանը»,- ասել է Վրաստանի վարչապետը։