Հայաստանի նախագահը շատ լավ պատկերացնում է, թե որքան բարդ էր, առավել եւս Սփյուռքի մեր հայրենակիցների համար, ընկալել եւ ընդունել Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:

«Պատահական չէ, որ այդ նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրականացվեց ՀՀ Նախագահի համահայկական ուղեւորությունը, եւ փորձեցի անձամբ լսել ու մեր մոտեցումները ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին: Կիսել եւ հասկացել եմ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից հնչեցված մտահոգություններն ու քննադատությունը: Այս ամենի հետ մեկտեղ, մնում եմ համոզված, որ, անկախ արդյունքներից, Հայաստան-Թուրքիա գործընթացի նախաձեռնությունը ժամանակին էր եւ նախաձեռնության արդյունքում մենք ունենք  միջազգային հեղինակության տեսակետից այլ Հայաստան, մեր ազգային խնդիրների իմաստով՝ ավելի ամրացած Հայաստան, ամրացած Սփյուռք, ամրացած Սփյուռք-Հայաստան կապեր»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով, արձանագրությունները մնում են չվավերացված, Հայաստան-Թուրքիա սահմանը մնում է փակ: «Թուրքիայի թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ շարունակվում են, սակայն, եթե Թուրքիայի իրական դեմքը հայտնի էր հային, աշխարհի որ ծայրում էլ նա լիներ, այժմ, նշված գործընթացի արդյունքում, Թուրքիայի դեմքը բացահայտվեց նաեւ աշխարհի համար»,- ասել է Սարգսյանը:

«Մենք շարունակելու ենք մեր միասնական գործողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը, եւ բոլորիս ջանքերի համադրմամբ այն պետք է լինի բեկումնային՝ միջազգային ճանաչման եւ դատապարտման իմաստով»,- նկատել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ, մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը` հանուն ողջ մարդկության եւ քաղաքակիրթ աշխարհի. մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը  համամարդկային աղետներից»: