«Դմիտրի Մեդվեդեւը կարող է արդյունավետ կառավարող թիմ ստեղծել ՌԴ կառավարության ղեկավարությամբ»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` իր կողմից ղեկավարվող «Եդինայա Ռոսիա» կուսակցության սեպտեմբերի 24-ի համագումարում:
«Դմիտրի Մեդվեդեւը կարող է ստեղծել նոր, արդյունավետ գործող, երիտասարդ, էներգիայով լի կառավարող թիմ, ղեկավարել ՌԴ կառավարությունը` մեր կյանքի բոլոր կողմերի արդիականացման աշխատանքները շարունակելու համար»,- հայտարարել է Պուտինը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ 2012թ. ընտրություններում նախագահական աթոռին հավակնում է Վլադիմիր Պուտինը: Գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համագումարում հայտարարեց, որ «նախագահական ընտրություններից հետո պատրաստ է աշխատել կառավարությունում»:
Մեդվեդեւը համաձայնել է գլխավորել «Եդինայա Ռոսիա»-ի կուսակցական ցուցակը դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Ռուսաստանի երկրորդ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնն զբաղեցրել էր 2000 -2008 թվականներին: 2008 թ. մայիսից նա ղեկավարում է ՌԴ կառավարությունը:


























