Հանրապետությունում սեպտեմբերի 26-ին օդի ջերմաստիճանի լուրջ անկում է սպասվում։  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում եղանակը պայմանավորված կլինի Սեւ ծովից թափանցած ցիկլոնի ազդեցությամբ, որն ակտիվություն կցուցաբերի հատկապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին։ «Ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանի շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին կդիտվի անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում նույնիսկ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպները կուղեկցվեն մինչեւ 15-20 մ/վայրկյան արագությամբ ուժեղ քամիներով։ Հյուսիս-արեւմուտքից հանրապետություն պարբերաբար՝ մինչեւ սեպտեմբերի 26-ը ներառյալ, կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային զանգվածներ։ Ջերմաստիճանն ամեն օր 1-3 աստիճանով աստիճանաբար կնվազի, եւ մինչեւ սեպտեմբերի 26-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կիջնի 3-5 աստիճանով։ Սեպտեմբերի 26-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ցերեկային  ժամերին ջերմաստիճանը կնվազի մոտ  7-9 աստիճանով»,- ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով, Երեւանում առաջիկա երեք օրերին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վայրկյան արագությամբ։ «Օդի ջերմաստիճանը  սեպտեմբերի 25-ին կգրանցվի +12, ցերեկը՝ +26 աստիճան։ Սեպտեմբերի 26-ի գիշերը կլինի +10, ցերեկը՝ +23, ամսի 27-ին՝ գիշերը՝ +9, ցերեկը՝ +22 աստիճան տաքություն»,- եզրափակեց Սուրենյանը։