Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Խաչմազի շրջան կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիեւի հետ արտակարգ դեպք է պատահել, հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով Խաչմազ քաղաքի (Խաչմազ շրջանի կենտրոնն է) բնակիչի վկայությունները, ով եղել է դեպքի ականատեսը:

Նա պատմել է, որ Իլհամ Ալիեւը Խաչմազում այցելել է իր հոր` Հեյդար Ալիեւի անվան այգում գտնվող նրա հուշարձանին: Հուշարձանի վրա ծաղիկ դնելու ժամանակ մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքից սարսափելի բղավոցներ են լսվել: «Տանիք բարձրացած կինը, Իլհամ Ալիեւին դիմելով, բղավել է, որ իր մորը սպանել են, եւ դրա մեղավորը նախագահի կողմից նշանակված գործադիր ղեկավար Շեմսեդին Խանբաբաեւն է»,- հայտնել է ականատեսը:

Նա նշել է, որ այդ սարսափելի գոռոցը գրավել է բոլորի, այդ թվում Իլհամ Ալիեւի ուշադրությունը: Դրանից հետո գործադիր ղեկավարի թիկնապահները իջեցրել են կնոջը տանիքի վրայից: Նրան բռնելուց հետո մի քանի հարց են տվել եւ ազատ արձակել: 

«Ենի Մուսավաթ»-ը հայտնում է, որ այդ կինը Խաչմազ քաղաքի կենտրոնական շուկայի «Արզու» առեւտրի կենտոնի ղեկավար Նեջիբ Բաբաեւայի դուստրն է: Նեջիբ Բաբաեւան դաժանորեն սպանվել էր իր տանը անցյալ տարի: Նրա դուստրը իր մոր սպանության մեջ մեղադրում է մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում Խաչմազ շրջանի գործադիր ղեկավար Շեմսեդին Խանբաբաեւին: