Ադրբեջանի նախագահի` Լեռնային Ղարաբաղին առաջարկած «ինքնավարության եվրոպական մոդելի» առնչությամբ` խորհուրդ կտայի Իլհամ Ալիեւին չզբաղվել էքսպերիմենտներով, քանի որ գոյություն ունի բանակցային ֆորմատ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Բանակցությունների սեղանին դրված է հստակ ֆորմատ: Եթե Ադրբեջանի նախագահը չփորձի ամեն անգամ էքսպերիմենտալ առաջարկներով հանդես գալ, ինչպես Կազանի հանդիպման ժամանակ, ներկայացնելով 10 առաջարկ, ուղակիորեն խոչընդոտելով բանակցային գործընթացը, ապա ղարաբաղյան խնդիրը հստակ կհասնի իր հանգուցալուծմանը»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորը նաեւ նշեց, որ միջազգային կառույցներում սկսել են էլ ավելի շատ կարեւորել ազգերի ինքնորոշման իրավունքը, որպես ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված բարձրագույն եւ գերակա արժեք: «Ալիեւը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ, ի թիվս իր շատ սիրելի տարածքային ամբողջականության սկզբունքի, գոյություն ունի մեկ այլ իրավահավասար միջազգային նորմ եւս` ազգերի ինքնորոշման իրավունքը: Իսկ մեծ առումով, վաղուց ժամանակն է, որ ադրբեջանական քաղաքական էլիտան իր ժողովրդին պատրաստի ոչ թե պատերազմի, այլ այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն այլընտրանք չունի»,- նշեց Զոհրաբյանը:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի հանրապետության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեծ խնդիր է հանդիսանում Ադրբեջանի համար:Նրա կարծիքով, «հայ-ադրբեջանական հակամարտությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»: Առիթից օգտվելով` Իլհամ Ալիեւը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, որի հետեւանքով «միլիոնավոր ադրբեջանցիներ փախստականներ են դարձել»: Լռելով հարյուր հազարավոր հայ փախստականների մասին` ադրբեջանական պետության ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ իրավիճակը մինչ օրս չի փոխվել:«Լեռնային Ղարաբաղում կարող են կիրառվել ինքնավարության եվրոպական հաջողված մոդելները»,- շեշտել է Ալիեւը:




























