Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը փաստացի դադարեցվել է ՀԱԿ-ի կողմից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պետաիրավական հերցերի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանական խմբի առաջնորդ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդեն ՀԱԿ-ի պահանջները երկխոսության ընթացքի վրա։
Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ այդ պահանջները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ հասարակության աչքին սեփական կշիռը բարձրացնելու փորձ։ «Մանավանդ, ՀԱԿ-ի պահանջների մի մասը չէր կարող ընդունել սթափ մտածող եւ ոչ մի իշխանություն։ Այնպես որ, կարծում եմ՝ մեկնաբանությունների անհարժեշտություն չկա»,- ամփոփեց Հարությունյանը։
Նախօրեին ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին բարձրաձայնել էր ընդդիմության պահանջները՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում, Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումներ, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտում մոտակա երեք ամիսներին եւ մեղավորների պատժում։ Պահանջների շարքում նա նշել էր նաեւ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման եւ յոթ ակտիվիստների նկատմամբ քրեական գործերի դադարեցման անհրաժեշտության մասին։




























