Իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչները գործակալության լրտեսների ու իսրայելական հասարակության շրջանում խրախուսել են   կառավարական դատական բարեփոխման դեմ համազգային բողոքները, պնդում է արվում Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի հետևանքով ստացված և The New York Times-ի ձեռքն ընկած տեղեկության մեջ։

Ենթադրյալ արտահոսքը, որն ինչպես կարծում են, Պենտագոնի միջոցով է եղել, կապված է մի փաստաթղթի հետ, որը տեղեկություն է պարունակում իսրայելական քաղաքական կյանքին «Մոսադի» ուղղակի միջամտության մասին։

Փաստաթղթում ասվում է, որ «Մոսադի» հետախույզներն ու բարձրաստիճան ներկայացուցիչները «կոչ են արել Մոսադի աշխատակիցներին ու իսրայելցի քաղաքացիներին բողոքել իսրայելական նոր կառավարության առաջարկած դատական բարեփոխումների դեմ, եղել են նաև գործողության դիմելու մի քանի ակնհայտ կոչեր, որոնցում, հետախուզության տվյալների համաձայն, դատապարտվում էր իսրայելական կառավարությունը»։

«Մոսադի» ղեկավար Դևիդ Բառնեան նշանակվել է Նեթանյահուի կողմից, թեև հրապարակավ լռություն է պահպանում բարեփոխման և դրա հետ կապված հարցերի շուրջ։

Փաստաթղթերը դրոշմված էին որպես հույժ գաղտնի և ենթակա էին տարածման միայն ամերիկյան հետախուզական ծառայությունների ցանցի ներսում։ Հայտնի դարձած տեղեկության մեջ պնդում է արվում, որ Բառնեան հետախուզական ծառայության կրտսեր աշխատակիցներին թույլատրել է մասնակցել բողոքներին՝ Իսրայելի գլխավոր դատախազի հետ խորհրդակցելուց հետո։ Սակայն մասնակիցներին արգելված է եղել իրենց այդ կազմակերպության անդամներ անվանել։

2023-ի մարտին «Մոսադի» մի քանի հարյուր նախկին աշխատակիցներ ու նախկին ղեկավարներ ի նշան  դատական վերակազմավորման դեմ բողոքի հայտարարություն էին ստորագրել։

Պատմականորեն այնպես է ստացվել, որ «Մոսադը» լռություն է պահպանում ներքին սոցիալական ու քաղաքական տարաձայնությունների վերաբերյալ։ Ի տարբերություն «Շին Բետի», որը զբաղվում է Իսրայելի ներսում անվտանգության հարցերով, «Մոսադը» կենտրոնացած է բացառապես գլոբալ հարցերի վրա, նշում է The Jerusalem Post պարբերականը։

«Մոսադը» հերքել է հիշյալ տեղեկատվությունը՝  այն «կեղծ և ամերիկյան զեկույցներում չհիմնավորված մեղադրանքներ» անվանելով։