Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը եւ Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգի տակ դնել մինչեւ 2027 թվականը Բաքվից ԵՄ գազի արտահանումը մինչեւ 20 մլրդ խմ կրկնապատկելու մասին համաձայնագիրը, գրում է Politico-ն։

ԵՄ-ն փետրվարի 20-ին սկսել է քաղաքացիական առաքելության աշխատանքը այդ համաձայնագրի շրջանակներում։ Այն աշխատելու է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կկազմի մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ:

POLITICO-ի հետ զրույցում, անանուն մնալու պայմանով, ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան ափսոսանք է հայտնել, որ դիտորդական առաքելության հարաբերություններն Ադրբեջանի հետ կարծես թե վատթարացել են: «Մենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ներկայացնում ենք պարեկային ծառայության եւ այլնի վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, քանի որ չենք ցանկանում որեւէ խնդիր ունենալ»:

Քանի որ Ռուսաստանը շեղվել է Ուկրաինայի դեմ իր աղետալի պատերազմով, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ տնտեսական կապեր հաստատելով Ադրբեջանի հետ եւ առաջարկելով քաղաքական աջակցություն հարեւան Հայաստանին՝ երկու մրցակից պետությունների միջեւ հավասարակշռություն պահպանելու համար:    

Politico-ն գրում է, որ Եվրախորհրդարանի զեկույցը, որը հրապարակվել է 2023 թվականի գարնանը եւ դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, «վրդովմունք է առաջացնում Բաքվում» եւ «ստվեր է նետում Ադրբեջանի հետ գազի վերաբերյալ ԵՄ գործարքի վրա»։

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը, ինչպես գրում է պարբերականը, «զգուշացնում է իր գործերին օտարերկրյա միջամտության մասին»՝ սահմանին Եվրամիության առաքելության աշխատանքի մեկնարկից հետո: