Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին են Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարեւորության մասին երեկ հանրահավաքում հստակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Միաժամանակ` ես առաջընթաց չեմ ակնկալում, քանի դեռ իշխանության ղեկին է իրեն նախագահ հռչակած Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական թիմը` «Նեմեց Ռուբոն», «Ալրաղացի Լյովը», «Մխչյանի Մուկը» եւ Սաշիկ Սարգսյանը: Քանի դեռ այս թիմը ղեկին է, ոչ մի առաջընթաց չի լինի: Ուստի Հայաստանում պետք է ինչքան կարելի է շուտ հաստատել լեգիտիմ իշխանություն»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը:
Ինչպես նախօրեին հանրահավաքում հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, արեւմտյան երկրների կողմից Սերժ Սարգսյանին աջակցելը պայմանավորված էր ոչ այլ ինչով, քան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռվածությամբ: Նրա խոսքով` Հարավային Կովկասում ԱՄՆ-ի համար առաջնայինը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումն է: Այդ հարցերի լուծումը Արեւմուտքին հարկավոր է իր հիմնական նպատակներին հասնելու համար:




























