ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները վետո կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու մասին հնարավոր որոշման վրա, լիովին տրամբանական էր եւ սպասելի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի յուրահատուկ հարաբերությունները, առանց այդ հայտարարության էլ  այդ ամենը պարզ էր:

«Պաղեստինում եւս դա հրաշալի հասկանում են. կարծում եմ, այնտեղ ոչ ոք լրջորեն  հույսեր չի փայփայում Պեղեստիյան պետության անկախությայն ճանաչման, ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու եւ այլնի հետ կապված:  Մահմուդ Աբասն այդ քայլին գնաց` որեւէ միջանկյալ կարգավիճակ ստանալու համար: Դա դիվանգիտական քայլ է: Բոլորին պարզ է, որ Պաղեստինն այսօր լիիրավ կրագավիճակ ստանալ պարզապես չի կարող»,-նշեց Մինասյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը մինչ այժմ հրապարակային դիրքորոշում չի հայտնել հարցի կապակցությամբ, քաղաքագետն ասաց, որ դրա համար միանգամից մի քանի պատճառ կա. «Առաջին հերթին, այսօր Իսրայելի հետ հարաբերությունները լավացնելու հեռանկարներ կան: Մյուս կողմից, Հայաստանն ավանդաբար բարեկամական հարբերություններ ունի արաբական աշխարհի մի շարք երկրների հետ, որոնք բացահայտ հանդես են գալիս նույն Իսրայելի դեմ: Եւ, վերջապես, Հայաստանը ջանում է այդ հարցը ճշգրտել ԱՄՆ-ի հետ»,-թվարկեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում պաղեստինյան դեմարշի ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Մինասյանը նշեց, որ Կոսովոյից, Հարավային Սուդանից  եւ մի շարք այլ նախադեպերից հետո ղարաբաղյան հարցը լրացուցիչ իրավական, քաղաքական եւ այլ տեսակի խթանումների կարիք չունի:

«Այսօր այլեւս ոչ ոք չի ասում, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք չունի անկախության, խոսակցությունները տարվում են այլ հարթությունում»,-եզրափակեց նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին էր փոխանցել Պաղեստինի անկախությունը ճանաչելու եւ նրան ՄԱԿ-ի լիակատար անդամ համարելու մասին  պաշտոնական առաջարկը: Նա նաեւ կոչ էր արել ՄԱԿ անդամ երկրներին ճանչել Պաղեստինի անկախությունը: