Իրանի իշխանությունները տեսախցիկներ են տեղադրում հասարակական վայրերում եւ փողոցներում՝ առանց հիջաբի կանանց հետեւելու համար:

Իրանական օրենքների համաձայն՝ կանայք պարտավոր են ծածկել իրենց մազերը եւ կրել երկար, ազատ հագուստ՝ իրենց կազմվածքը թաքցնելու համար: Խախտողները ստանում են հանրային նկատողություն, տուգանք կամ կալանավորվում։

Սակայն ավելի շատ կանայք հրաժարվում են պահպանել այդ նորմերը Մահսա Մինի անունով աղջկա մահից հետո։ Նա մահացել է բարքերի ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ, որից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։

Իրանի իշխանությունները հայտնում են, որ հիջաբը «իրանական ազգի քաղաքակրթական հիմքերից մեկն է»: Նրանք պահանջում են բիզնեսի սեփականատերերից եւ մնացած քաղաքացիներից հետեւել շրջապատին, ինչն արդեն հանգեցրել է հիջաբ չունեցող կանանց վրա հարձակումների: