Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը, գերիների վերադարձի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց անմիջապես հետո, հրաժարվել է կատարել այն։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով, Հայաստանն ընդհանրապես երբեք գերիների վերադարձի հարցը չի վերածել բանակցությունների առարկայի։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր ռազմագերիների վերադարձի մասին դրույթը։ «Մենք կարծում ենք, որ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն, եւ դա բանակցությունների թեմա չէ»,- ընդգծեց պատգամավորը։
Նա վստահեցրեց, որ բոլոր դիվանագիտական ուղիներն օգտագործվում են ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու համար, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշումներն ուժեղանան։ «Բաքուն ցանկանում է, որ այս հարցը շահարկվի։ Սա նրան թույլ կտա սա օգտագործել որպես բանակցային գործիք»,- հավելեց Սարգիս Խանդանյանը։











