Ադրբեջանում միջադեպ է տեղի ունեցել, որը ցույց է տալիս այդ երկրի իշխանությունների վերաբերմունքը բնության, անտառների եւ ընդհանրապես էկոլոգիայի նկատմամբ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, օրերս սոցցանցերում տարածվել են անտառապահի դեմ հարձակման կադրերը: Լրատվական գործակալությունների տեղեկություններով՝ Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության Գուբինի անտառտնտեսության տարածաշրջանային կենտրոնի աշխատակիցներ Թալեհ Աբդուլաեւը եւ Ազադ Հեյդարովը ծեծի են ենթարկել տեղի բնակիչ, անտառապահ Շահին Գաֆարովին: Հրապարակման հեղինակը պնդում է, որ տղամարդուն ծեծել են այն բանի համար, որ նա հանդես է եկել անտառի՝ իրեն հաշվետու հատվածում ապօրինի ծառահատումների դեմ։ Պետական կառույցներն արձագանքել են «ադրբեջանցի բնապահպաններին» հատուկ ոգով։
Ի պատասխան Oxu.Az հարցման՝ անտառների զարգացման ծառայության պետ Ջաբար Ղարիբովը հայտնել է, որ ստուգվել է Գուբինի անտառտնտեսության տարածաշրջանային կենտրոնի տարածքում նկարահանված եւ համացանցում տարածված տեսանյութը: «Ծառերի հատման մասին Շ.Գաֆարովի տեղեկատվությունը տեղում ստուգվել է։ Պարզվել է, որ նշված տարածքը սանիտարական հատումների գոտի է, որը հատկացվել է դեռեւս անցյալ տարի՝ փայտանյութի մթերման համար»,-ասել է նա։
Այսինքն՝ ապօրինի անտառահատումների տակ պաշտոնյան «օրինական» հիմք է դրել։ «Հարցի մեկ այլ ուշագրավ կողմ է Շ.Գաֆարովի եւ նրա եղբորորդու՝ Օրհան Գաֆարովի միջեւ ընտանեկան կոնֆլիկտը, որն աշխատում է Գուբինի անտառտնտեսության տարածաշրջանային կենտրոնում, հենց դրա հետ են կապված նրա ռեպլիկները կենտրոնի աշխատակիցների հասցեին»։





























