Բաղդադից 100կմ հեռավորության վրա գտնվող իրաքյան Կերբելա քաղաքում իրար հաջորդած երեք պայթյունների արդյունքում առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 30-ը վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Կերբելայի վարչական շենքից ոչ հեռու` պայթել է մեքնենան, որում պայթուցիկ է տեղադրված եղել: «Քաղաքացիների տարհանման ժամանակ եւս երկու պայթյուն է եղել, որոնք էլ մեծաթիվ զոհերի եւ վիրավորների պատճառ են դարձել»,- հայտարարել են ոստիկանությունում:
Կերբելան շիա մահմեդականների շրջանում հայտնի է որպես սրբավայր, քանի որ այստեղ է Մուհամեդ մարգարեի թոռան` իմամ Հուսեյնի դամբարանը: Այստեղ հաճախ են այցելում ուխտավորներ, որոնք դառնում են սունի մահմեդականների հարձակումների թիրախը: Օրինակ, անցած հինգշաբթի ահաբեկչության արդյունքում զոհվել էր չորս մարդ, 17 -ը վիրավորվել էր:




























