Սեպտեմբերի 25-ին Բարսելոնում վերջին անգամ ցլամարտ կանցկացվի: Իսպանիայի մնացած շրջաններում եւս այդ ավանդույթը ճգնաժամ է ապրում:
Այն բանից հետո, երբ այսօր Բարսելոնում վեց ցուլերից վերջինին կհասցվի մահացու հրավածը, կազդարարվի նաեւ հնագույն ավանդույթի ավարտը: Դրանից հետո Կատալոնիայում այլեւս ցլամարտեր չեն անցկացվի:
2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Իսպանիայի հյուսիս-արեւմտյան շրջանում ցլամարտի անցկացումն արգելող օրենքը, որն ընդունվել էր կատալոնական խորհրդարանի կողմից գրեթե մեկ տարի առաջ, հաղորդում է գերմանկան Die Welt-ը:
Ըստ էության, Կատալոնիայում ցլամարտեր գրեթե չէին անցկացվում: Բարսելոնի արենան միակն էր տարածաշրջանում, որ գործում էր: Սակայն 18 000 տեղերի նույնիսկ մեկ երրորդը չէր համալրվում: Ժիրոն, Ֆիգերաս կամ Լորետ դե Մար քաղաքներից արենաները հանվել էին, քանի որ ոչ ոք ցլամարտով չէր հետաքրքրվում:



























