Կենտրոնական Նեպալում տեղի ունեցած ավիաաղետի զոհերը հիմնականում օտարերկրացի զբոսաշրջիկներ են: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, բացի անձնակազմի երեք անդամներից, այսօր Կատմանդուից ոչ հեռու աղետի ենթարկված օդանավում եղել են Հնդկաստանի տասը քաղաքացիներ, երկու ամերիկացիներ եւ մեկ ճապոնացի, ինչպես նաեւ Նեպալի երեք քաղաքացի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նեպալի իրավապահ մարմինների հաղորդմամբ` նեպալական «Բուդդա Էյր Ֆլայտ» ավիաընկերությանը պատկանող թեթեւշարժիչային օդանավը, որում գտնվել էին անձնակազմի երեք անդամներն ու 16 զբոսաշրջիկներ, աղետի էր ենթարկվել Կատմանդուից 2,8 կմ հեռավորության վրա, Լալիտրուպ բնակավայրի մոտ: Ըստ ականատեսների` վատ տեսանելիության պատճառով օդանավը, որը վերադարձել էր Էվերեստ կատարած թռիչքից, բախվել էր տներից մեկի տանիքին, կորցրել կառավարումը եւ ընկել:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին օդանավում գտնվող անձանցից 18-ի մարմինները: Միակ կենդանի մնացած ուղեւորն անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:



























