Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք երեկ երեկոյան մեկնել էին Սյունիքի մարզ, այժմ Տեղ համայնքում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ այս պահին համայնքում հանգիստ վիճակ է։

«Մարդիկ ասում են, որ որտեղ երեկ տեղի է ունեցել դեպքը, մերն է, գյուղացիներն այնտեղ տարիներ շարունակ աշխատանքներ են իրականացրել են, եւ գյուղացիները պատրաստակումություն ունեն իրենց հողը պաշտպանելու, ձեւերն են փնտրում դա կազմակերպելու համար։ Գյուղից անզեն աչքով տեսանելի է վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Մենք այժմ գյուղի կենտրոնական մասում ենք, որտեղից տեսնում ենք քիչ հեռու գտնվող ադրբեջանցիներին»,- նշեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։