Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպման ժամանակ հերթական սուտն է հնչեցրել։ Նախարարը շարունակել է սուտ պնդումներ տարածել հանդիպումից հետո։ Մասնավորապես, ադրբեջանցի նախարարը հայկական կողմին մեղադրել Է ապրիլի 11-ի միջադեպի մեջ եւ սպառնալիքներ հնչեցրել։ «Երբ դրական քայլեր են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Բաքուն ականատես է լինում Հայաստանի կողմից քաղաքական եւ ռազմական սադրանքների»,-ասել է Բայրամովը։
Որպես «հիմնավորում» նախարարը նշել է «սադրանքի ժամանակ հայկական հատուկ նշանակության կորպուսի հրամանատարի եւ նրա տեղակալի ներկայությունը»։ Նախարարը նաեւ ընդգծել է, որ սադրանքի վայրին հարակից տարածքներում արագ տեմպերով շինարարական աշխատանքներ են ընթանում:
«Այդ սադրանքների իրականացումը կարող է ընկալվել որպես Ադրբեջանի քաղաքացիների ազատագրված տարածքներ վերադարձը խոչընդոտելու քայլ։ Հայաստանը պետք է խուսափի այդ վտանգավոր եւ սադրիչ քայլերից, որոնց հետեւանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար, ինչպես դա եղավ երեկ»,-ասել է Բայրամովը՝ չմանրամասնելով, թե Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներն ինչ կապ կարող են ունենալ որեւէ մեկի «վերադարձի» հետ:
Այնուհետեւ Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանի միջամտությունը Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին անընդունելի է»: Նա նշել է, որ հյուրին տեղեկացրել է «Ղարաբաղում հայերի վերաինտեգրման գործընթացի մասին»։ «Բանակցությունները շարունակվելու են։ Ադրբեջանական կողմն առաջարկել է հանդիպում անցկացնել Բաքվում»,-ասել է նա՝ միաժամանակ մեղադրելով Հայաստանին «ականապատ տարածքների քարտեզների տրամադրումից հրաժարվելու մեջ», թեեւ Հայաստանը վաղուց Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած բոլոր քարտեզները։ «Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղան։ Այդ ուղղությամբ հետեւողական քայլեր են ձեռնարկվում։ Մենք կոչ ենք արել Երեւանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա։





























