Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց, որ սահմանային վերջին բախումների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների մասին տեղեկություն չունի: Նա առաջարկեց սպասել պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը, ով հարց ուղղեց, նկատեց, որ ՊՆ-ն դեռեւս որեւէ նոր տեղեկություն չի հրապարակել այդ մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ժամը 16։00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել եւ հրազենային զենքերից, այնուհետեւ տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈՒ զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ: Արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր։ Թշնամին կրել է բազմաթիվ կորուստներ։





























