Ռուսաստանում չեն նսեմացնում Երեւանի եւ Բաքվի ուղիղ աշխատանքը եւ գերազանց են համարում, որ կողմերը պայմանավորվում են ամենաբարդ հարցերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել առանց միջնորդների, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»։ 

«Ես ասացի մեր աջակցության մասին, եւ, հավանաբար, իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված մեր աջակցությունը պետք է մեկնաբանվի ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական շարժումների առանձին ներկայացուցիչների, այլեւ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք պատասխանատու են այդ ուղղության համար»,-ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ինքը կարող է համաձայնել կամ չհամաձայնել այդ գնահատականներին։ Նշենք, որ ավելի վաղ Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԶՈՒ եւ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անհապաղ միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղում իրավիճակը թուլացնելու համար։