ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ըստ ՔԿ-ի՝ հաղորդագրության՝ 2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից եւ ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ եւ հաղորդում է ստացվել այն մասին, որ   Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:

Դեպքի առթիվ 2023թ. ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային եւ հետին պատերին առկա միջանցիկ եւ գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաեւ քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: 

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական եւ վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: