ԵվրոՀՀՊ ռադարների տեղադրումը թուրք ժողովրդի վզին է փաթաթվել ԱՄՆ-ի` այդ «ավազակի եւ կռվարար»-ի կողմից: Այդ մասին RT-ին (Ռուսաստան) տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի ղեկավարը հերքել է այն կարծիքները, թե Իրանը կորցնում է Թուրքիայի հետ կապերը: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Դա չի նշանակում, որ մենք տարաձայնություններ չունենք»,-նշել է Ահմադինեժադը:
Նրա խոսքով, «ԱՄՆ-ն ի վիճակի է իր կամքը փաթաթել այլ երկրների վզին, որոնք ավելի մեծ են Թուրքիայից եւ ավելի հզոր կառավարություն ունեն»: «Բայց, ի վերջո, դրանք չեն ծառայելու ԱՄՆ-ի օգտին: Այսօր երկրների հարաբերությունները չեն որոշվում հրթիռների հզորությամբ եւ զինվածությամբ: Դրանք որոշվում են այդ երկրների ժողովուրդների կամքով: Այսօր մենք կարող ենք հանրաքվե անցկացնել Թուրքիայում եւ հասկանալ, թե ինչ է իրականում թուրք ժողովորդ մտածում ԱՄՆ-ի ազդեցության մասին, եւ ի վերջո, ժողովրդի կամքը հաղթելու է»,-նշել է նա:
Սիրիայի հանդեպ որդեգրած Թուրքիայի կոշտ եւ Իրանի համեմատաբար մեղմ դիրքորոշման կապակցությամբ Ահմադինեժադը նշել է. «Իրականում, եթե դիտարկենք Սիրիան, ապա Էրդողանը եւ Ահմադինեժադը շատ լավ հարաբերությունն ունեն, նրանք ընկերներ են»:
Նշենք, որ Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ ռադիոլոկացիոն կայանի տեղակայման մասին հուշագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 14-ին։ Սպասվում է, որ ռադարը կտեղակայվի Թուրքիայի հարավ-արեւմուտքում՝ Մալաթիայի նահանգի Քյուրեջիքի շրջանում։




























