ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կտրականապես դեմ է Բաքվի այն պնդումներին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին նախարարը հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
Միրզոյանը փաստել է, որ Օսմանիի այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում, երբ երկիրը բախվում է սպառնալիքների եւ մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ-ի գործառույթների հետ։ Ուստի այցը տարածաշրջանում խնդիրները, ԵԱՀԿ-ի դերը եւ մասնակցությունը, կազմակերպության հետ հետագա համագործակցության հարցերը քննարկելու լավ հնարավորություն է։ Նախարարը նշել է, որ ՀՀ-ն միշտ կազմակերպության գծով գործընկերներին հավաստի տեղեկություններ է տրամադրում տարածաշրջանում եւ սահմանին տիրող իրավիճակի մասին, եւ այսօր քննարկվել են վերջին զարգացումները, նա ներկայացրել է տվյալներ 2021թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացման մասին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցի նախօրեին՝ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքները։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ԵԱՀԿ-ի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի մի շարք սկզբունքների կոպտագույն խախտում է։ Այս համատեքստում նա նշել է ԵԱՀԿ-ի առաքելության կարեւորությունը 2022թ. Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ զեկույցը պետք է հասանելի լինի միջազգային ողջ հանրությանը՝ որպես Ադրբեջանի ագրեսիայի մասին օբյեկտիվ տեղեկության աղբյուր։ Քննարկվել են Հյուսիսային Մակեդոնիայի առաջնահերթությունները ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ։ Վերջին համաշխարհային իրադարձությունների համատեքստում ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, նշել է նախարարը։
ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ չորրորդ ամիսն է՝ շարունակվում է Լաչինի միջանցքի եւ Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից, Բաքուն անտեսում է ՄՔԴ-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումը։ Միջանցքի շրջափակմամբ, ահաբեկչությամբ եւ այլ գործողություններով, որոնք ուղղված են հայերին իրենց տներից հեռանալ ստիպելուն, Ադրբեջանը փորձում է կենսագործել էթնիկ զտումների իր քաղաքականությունը, փաստել է Միրզոյանը։ Այս առնչությամբ նա ընդգծել է Արցախ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անխոչընդոտ հասնելու, Արցախի եւ Լաչինի միջանցքի վերաբերյալ փաստահավաք միջազգային առաքելություն ուղարկելու կարեւորությունը։ Դա կարող է կարեւոր նշանակություն ունենալԱդրբեջանի կեղծ թեզերը հերքելու, ագրեսիան կանխելու եւ մարդկանց տառապանքները դադարեցնելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում, նշել է նախարարը։
Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության այլ խախտումների վրա։ Բաքուն հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին կեղծ դատավարությունների անվան տակ։ Հայ փախստականներին եւ հարկադրյալ վերաբնակներին վերադարձնելու պահանջի չկատարմանը զուգահեռ՝ Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած տարածքներում վերաբնակեցումներ է կատարում, շարունակում ռազմաշունչ հռետորաբանությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին եւ բարեխղճորեն շարունակում է բանակցությունները, այդ թվում խաղաղության պայմանագրի շուրջ։ Նախարարը կրկին ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են Արցախի բնակիչների իրավունքների միջազգային երաշխիքներ, իսկ ԵԱՀԿ-ն պետք է բարձրացնի իր դերն այդ թվում ուժի կիրառումը կանխելու համար։
Պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի նախագահը «ցրել» է ԵԱՀԿ ՄԽ-ն, Միրզոյանը նշել է, որ ոչ ոք միանձնյա չի կարող չեղարկել ԵԱՀԿ-ի երկրների ընդունած որոշումը Մինսկի խմբի ստեղծման մասին։ «ՄԽ-ի ձեւաչափը գոյություն ունի։ Այլ բան է, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով համանախագահության գործունեությունը սառեցվել է»,- նշել է Միրզոյանը։ Նախարարը նաեւ վստահություն է հայտնել, որ ՄԽ-ի եւ Մինսկի կոնֆերանսի ձեւաչափն անելու բան ունի Արցախի բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերում, ինչպես եւ այլ կառույցները, օրինակ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կամ փաստահավաք առաքելությունը։ «Ինչպես կասեր դասականը՝ լուրերը փոքր-ինչ չափազանցված են»,- ամփոփել է նախարարը։




























