Հյուսիսային Մակեդոնիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ձգտում է Հայաստանին եւ Ադրբեջանին հուզող հարցերի կարգավորմանը, կայուն խաղաղ լուծմանը։ Այս մասին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։

Նա պատրաստակամությունն է հայտնել շարունակելու ԵԱՀԿ մեխանիզմների ու կառույցների շրջանակում, նոր գաղափարներով ու մոտեցումներով արդյունքի հասնելու ջանքերը։ «Ի վերջո, խոսքը գնում է մարդկանց մասին, հետեւաբար, ես կշարունակեմ կողմերին կոչ անել վեճերը լուծելիս առաջնորդվել երկխոսությամբ եւ բանակցություններով, այլ ոչ թե ուժով ու պարտադրանքով։ Մենք պատրաստ ենք ցանկացած ջանքերի, որոնք կբերեն դրական դինամիկա, պատրաստ ենք իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ համագործակցության նոր ոլորտներ ստեղծել։ Կոչ եմ անում դիմել այնպիսի կարեւոր ոլորտների, ինչպիսիք են սահմանագծումը եւ սահմանազատումը, բացել հաղորդակցությունները։ Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես սատարում եմ ցանկացած ջանքերի, որոնք տանում են դեպի խաղաղություն, եւ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնվազեցնեն լարվածությունը, կբարձրացնեն վստահությունը եւ կհանգեցնեն հարաբերությունների կարգավորմանը։ Թույլ տվեք պարզ ասել, որպես մարդ, որն անցել է այդ ճանապարհը, քանի որ ես մի երկրից եմ, որը վերապրել է հակամարտության տառապանքները․ բանակցությունները կարող են բարդ լինել, բայց բարիդրացիական հարաբերությունների, կայուն խաղաղության եւ բարգավաճման հեռանկարը, արդյունք է տալիս։ Մենք պատրաստ ենք մեր փորձով կիսվել բոլորի հետ, ովքեր օգտվում են բանակցային սեղանից, այլ ոչ թե մարտի դաշտից»,- ընդգծել է Օսմանին։