Ես այստեղ եմ՝ հասկանալու՝ կա արդյոք Երեւանի եւ Բաքվի միջեւ կամուրջներ կառուցելու հնարավորություն։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:  

Օսմանին հատուկ նշել է հայկական կողմին հուզող՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը։  

«Գործող նախագահի պաշտոնում աշխատելու առաջին օրերին հեռախոսազրույց եմ ունեցել իմ գործընկեր Միրզոյանի հետ, այնուհետեւ հանդիպում է տեղի ունեցել Վիեննայում, որտեղ նախարարը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Երեկ Բաքվում բարձրացրել եմ հումանիտար հարցեր։ Այսօր ես այդ հարցերը կբարձրացնեմ այստեղ՝ հասկանալու համար, թե արդյոք կամուրջներ կառուցելու հնարավորություն կա։ ԵԱՀԿ-ն պետությունների միջեւ մշտական երկխոսության հարթակ է։ Մեր նախագահության առաջնահերթությունն է կենտրոնանալ մարդկանց կարիքների վրա»,-ասել է Օսմանին։