Եթե քաղաքական ուժերը որեւէ բան չձեռնարկեն, ստիպված մենք բեռը կվերցնենք մեզ վրա, եւ ժողովրդին մեր մոտեցումները կներկայացնենք, որ մեր սահմաններին խնդիրները կարգավորենք, այս իշխանություններից ազատվենք եւ ժամանակավոր կառավարություն ձեւավորենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՔԿ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Առաջին հերթին անվտանգության հարցերը փորձենք լուծել, նոր  մնացած խնդիրները: Պետք է բոլորը հասկանան, որ բոլորը կարող են հայտնվել երեկվա մարդու վիճակում, Հայաստանում որեւէ գյուղ, կամ քաղաք ապահով չէ»,-ասաց նա:

Նա նշեց, որ վաղը 15:00-ին հանդես կգան հայտարարությամբ իրենց հետագա քայլերի վերաբերյալ:

«Քննչական կոմիտեի նախագահը կարող էր դուրս գար, գնար եւ այդ շոուն չարվեր ոստիկանների հետ կապված, մենք ոչ ճանապարհ ենք փակում, ոչ մի բան: մենք պահանջ ենք ներկայացրել իրենց եւ  ուզում ենք, որ մեր պահանջը կատարվի, մենք իրենց ողջամիտ ժամանակ ենք տվել մինչեւ  վաղը 15:00 եւ բոլոր մեր մտածող քաղաքացիներին կանչել ենք ՔԿ-ի մոտ: Մինչեւ այդ եթե մեր պահանջը չկատարվեց, մենք մեր նստացույցը կդադարեցնենք եւ կհայտարարենք հետագա քայլերի մասին»: 

Այս պահին եւս Քննչական կոմիտեի մոտ  նստացույցը շարունակվում է:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները այսօր ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։