Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություններ է տվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հետ կապված։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, ապրիլի 14-ին ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Այդ հանձնարարությունները, նրա խոսքով, պետք է իրականացվեին մինչեւ ընթացիկ տարվա մարտի 30-ը։ Այսինքն՝ մինչեւ ադրբեջանական ուժերի առաջխաղացումն այդ ուղղությամբ։
«Վարչապետի կարգադրությունները պարտադիր են կատարման համար, սակայն միշտ չէ, որ դա տեղի է ունենում անթերի»,- ասել է Քոչարյանը։
Նա միեւնույն ժամանակ հավաստիացրել է, որ իշխանությունները հետեւողական են լինելու մեղավորներին գտնելու եւ պատժելու համար։
Պատգամավորը նշել է, որ հանձնարարությունները տրվում են այս կամ այն իրավիճակը քննարկելիս։ Հետեւաբար, դրանք կարող էին տրվել Անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ։ Ընդ որում, նա ստույգ ամսաթիվը նշել չի կարողացել՝ հավաստիացնելով, որ «այն միանշանակ եղել է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ անվտանգության ապահովման գծով մի շարք հանձնարարություններ խափանվել են։ Այս հայտարարության հետ գրեթե միաժամանակ պաշտոնաթող արվեց Հայաստանի ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը։



























