Հայաստանի իշխանությունները փորձում են Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արման Մարալչյանին քավության նոխազ սարքել։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ապրիլի 14-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Իշխանությունները, պատգամավորի խոսքով, փորձում են մեղավոր գտնել։
«Ես Մարալչյանի փաստաբանը չեմ, ոչ էլ նրա թշնամին։ Բայց ակնհայտ է, որ փորձում են մեղքը բարդել նրա վրա»,- ասել է խորհրդարանականը։
Մանուկյանը, մասնավորապես, վարչակարգին մեղադրել է անգործության մեջ, ինչի հետեւանքով Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայողներին սկզբում հաջողվել է կարեւորագույն դիրքեր զբաղեցնել Տեղ գյուղի մոտ, իսկ հետո սադրանք կազմակերպել, որի ընթացքում հայկական կողմը կորուստներ է կրել։
Նա տեղեկացրել է, որ արդեն հարցում է ուղարկել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն։ Հարցման նպատակը պարզելն է, թե արդյոք ծառայողական հետաքննություն անցկացվում է Սյունիքի մարզում տեղի ունեցած այս միջադեպի առիթով։ Եվ եթե Մանուկյանը դրական պատասխան ստանա, դա թույլ կտա ենթադրել, որ Մարալչյանի պաշտոնաթողությունը պայմանավորված է հենց Տեղ գյուղի իրադարձություններով։
Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, որն ստեղծվել է ուժային կառույցների ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ընթացքում, իշխանությունները, հետաքննություն նախաձեռնելով, փորձում են շեղել հանրության ուշադրությունը կենսականորեն կարեւոր եւ ավելի իրական խնդիրներից։





























