Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի, շրջանի համայնքների ղեկավարների ու Մարտունի քաղաքի բնակիչների հետ` ներկայացնելով Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանին պաշտոնից ազատելու եւ Հունան Հայրումյանին շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին կառավարության որոշումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Տեղում լսել եմ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, մտահոգություններն ու դժգոհությունները, պատասխանել նրանց հարցերին, ներկայացրել շրջափակման հետեւանքները մեղմելու նպատակով պետության կողմից ձեռնարկվող միջոցները, ունեցած հնարավորություններն ու խնդիրները: Խոստացել եմ ավելի հաճախակի այցելել շրջանի համայնքներ եւ բնակչության հետ անմիջական շփումներով ոչ միայն առաջնային աղբյուրից ծանոթանալ գոյություն ունեցող խնդիրներին, այլեւ հանրությանը ներկայացնել այն աշխատանքները, որոնք կատարվում են կառավարության կողմից»,-նշված է պետնախարարի գրառման մեջ։




























