Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պարոն Գրիգորյանը եղել է Առողջապահության փոխնախարար և մենք միասին աշխատել ենք քովիդի ամենածանր ժամանակաշրջանում։ Շնորհավորում եմ Ձեր նշանակման կապակցությամբ»,-ասաց Ավինյանը:

Նա նաև հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հայկ Մուրադյանի նշանակման մասին։

Հիշեցնենք, որ «Հետք»-ն ավելի վաղ գրել էր.  «Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը, Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի օգնականը։

Պարզվում է, որ Շավարշ Գրիգորյանը ևս սեր ունի ձկնաբուծության հետ: Նրան է պատկանում խոշոր ձկնաբուծարաններից մեկի` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 16.67%-ը: Այն ձեռք է բերել 2021թ. ապրիլի 2-ին` «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հիմնադրումից մոտ երկու ամիս առաջ»։