Իրանի դատարանը տարբեր ժամկետներով բանտարկության է դատապարտել 10 զինծառայողի՝ ուկրաինական ուղեւորատար Boeing 737-800 ինքնաթիռի՝ 2020թ. հունվարին տեղի ունեցած կործանման գործում ունեցած դերի համար։ Այս մասին տեղեկացրել է իրանական Mizan Online դատական կայքը։

Կայքի տվյալներով՝ գործով անցնող գլխավոր ֆիգուրանտը՝ «Тор-М1» զեինթահրթիռային համալիրի օպերատորը, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ պարտավոր է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին։ Ինչպես նշվել է մեղադրական եզրակացությունում, նա «երկու հթրիռ է արձակել» ինքնաթիռին ուղղված, «հակառակ հրամանի» եւ թույլտվություն չստանալով։ Նշվել է, որ օպերատորի գործողությունները «պայմանավորված են եղել իրավիճակի չիմացությամբ եւ սխա պատկերացմամբ, որ հայտնաբերված թիրախը թշնամական է»։

Ինը մյուս դատապարտյալները ստացել են մեկից երեք տարվա ազատազրկումներ։ Նրանց անունները չեն նշվում։

Դատավճիռները կայացվել են երեք տարի տեւած 20 դատական լսումներից եւ «հանգամանալից հետաքննություններից» հետո։ «Գործի քննությունը ամենակարեւորներից մեկն էր վերջին մի քանի տարիներին»,- նշվել է հաղորդագրությունում։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրանից Կիեւ PS752 չվերթը, խփվել է 2020թ. հունվարի 8-ին թռիչքից գրեթե անմիջապես հետո։ Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ՝ Աֆղանստանի, Իրանի, Կանադայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի հպատակներ։ Միայն մի քանի օր հետո աղետի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ հայտարարելով, որ ինքնաթիռը խփվել է սխալմամբ։

Իրանի իշխանություններն աղետից գրեթե մեկ տարի հետո հավանություն են տվել փոխհատուցման վճարմանը զոհվածների ընտանիքներին՝ ԱՄՆ 150 հազար դոլարի չափով։ 2022թ. հունվարին Կանադայի դատարանը որոշել է, որ ԻՀՊԿ-ի կողմից խփված  ուկրաինական Boeing 737-800-ի վեց ուղեւորների հարազատներին պետք է վճարվի 74 մլն եվրո։